Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր
Ո՞րն է նյութի փոքրագույն մասնիկը։
Այս հարցին պատասխանելու համար մի պահ մեզ պատկերացնենք «Կոնստրուկտորների աշխարհում»։ Կոնստրուկտորը տարբեր առարկաների հավաքման և մոդելավորման համար նախատեսված մասերի հավաքածու է։ Կոնստրուկտորի մասերից հավաքենք տնակ։ Ակնհայտ է, որ տնակի չափերը շատ ավելի մեծ են, քան այն մասերի չափերը, որոնցից հավաքեցինք տնակը: Որքան էլ տնակի մասերի չափերը փոքր են,
մենք դրանք տեսնում ենք։ Ամբողջացված մարմինը (տնակը) պայմանականորեն անվանենք նյութ։ Ստացվում է, որ նյութը կազմված է մասերից։ Նյութը կազմող «մասերը» քիմիայում անվանում են կառուցվածքային մասնիկներ: Ի տարբերություն կոնստրուկտորի մասերի՝ նյութի կառուցվածքային մասնիկներն անզեն աչքով անտեսանելի են իրենց փոքր չափերի (զանգվածի) պատճառով։
Դեռևս 2500 տարի առաջ հին հույն փիլիսոփա Դեմոկրիտոսը ենթադրել է, որ նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի մասնիկներից: Նա դրանք անվանել է ատոմներ: Ատոմ բառը ծագել է հին հունարեն ἄτομος (ատոմոս) բառից, որը թարգմանաբար նշանակում է անբաժանելի։
Մասերը, որոնցից հավաքեցինք նյութը (տնակը), պայմանականորեն անվանենք ատոմներ։ Մենք գիտենք, որ քիմիական երևույթների (ռեակցիաների) ժամանակ առաջանում են նոր նյութեր։ Մոդելավորենք քիմիական ռեակցիան (տնակից ամրոցի ստացում): Քանդենք մեր հավաքած նյութը (տնակը) և նրա մասերից հավաքենք նոր նյութ (ամրոց)։ Նոր ստացված նյութում (ամրոցում) ատոմների (մասերի) տեսակը (ձև, չափ, գույն) չի փոխվում: Ստացվում է, որ քիմիական ռեակցիաների ժամանակ ատոմները չեն բաժանվում։
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։
Քիմիական ռեակցիաների (երևույթների) ժամանակ ատոմները չեն անհետանում, և նոր ատոմներ չեն առաջանում։ Դրանք անցնում են մի նյութից մյուսը։
Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության դասերին նյութերի մասին խոսելիս օգտագործելու եք նաև քիմիական տարր հասկացությունը։
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
| Քիմիական տարրը | Քիմիական նշանը | Արտասանությունը |
| Ազոտ | N | էն |
| Ալյումին | Al | ալյումին |
| Ջրածին | H | հաշ |
| Թթվածին | O | о |
| Երկաթ | Fe | ֆեռում |
| Պղինձ | Cu | կուպրում |
| Արծաթ | Ag | արգենտում |
| Ոսկի | Au | աուրում |
| Կապար | Pb | պլումբում |
| Ցինկ | Zn | ցինկ |
| Ածխածին | C | ց |
| Ծծումբ | S | էս |
| Ֆոսֆոր | P | պե |
| Քլոր | Cl | քլոր |
| Բրոմ | Br | բրոմ |
| սիլիցիում | Si | սիլիցիում |
Հարցեր
- Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
Պարզ նյութ
Կազմված է միայն մեկ քիմիական տարրից։ Ատոմները բոլորը նույն տեսակն են։
Բարդ նյութ
Կազմված է երկու կամ ավելի քիմիական տարրերից։ Ատոմները տարբեր են ու քիմիական կապերով միացված։ - Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են: - Ի՞նչ է քիմիական տարրը:
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից:





