Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա
Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առարկաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:
Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սարքով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հարմար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չափել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկարությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաստիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչվում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շերտում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվազում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագաթին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարակածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաններում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում: