October 3

Կաքավներ

Մոխրագույն կաքավ. էգը և արուն
Քարակաքավ

Կաքավները հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ են: Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում:Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված: Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ: Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ: Արտաքինից նման է լորի: Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն: Փորին կա սևավուն բիծ: Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում: Դնում են 10-20 ձու: Թխսակալում է էգը 24-25 օր: Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում: Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ: Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված: Մեծ քանակով պահպանված է Եղեգնաձորում և Վայքում: Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ: Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս:Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ: Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով:Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ: Դնում է 8-20 ձու: Թխսակալում է էգը՝ 28-30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր: Հանդիպում են փոքր երամներով:Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով: Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն:Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի:

  • Հին և միջնադարյան Հայաստանում հմուտ մենապարողներին անվանում էին կաքավողներ, իսկ պարահրապարակները` կաքավարաններ: Հայկական մի շարք բնակավայրերի ու շինությունների անուններ նույնպես կապված են կաքավի անվան հետ` Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ և այլն: Կաքավի մասին հյուսվել են շատ բանաստեղծություններ ու երգեր:


Posted October 3, 2022 by trdatterabrahamyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*